
Գերմանիայում վերջին երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել առնվազն հինգերորդ բանկային կողոպուտը:
Բրեմենի մոտ գտնվող Շտուր քաղաքում, փետրվարի 13-ին՝ ուրբաթ օրը, ժամը 12-ի սահմաններում, անհայտ անձինք լուսատար հորանի միջոցով ներխուժել են Volksbank-ի տեղի մասնաճյուղի նկուղ, կոտրել և թալանել են 14 սեյֆային պահատուփ: Պատճառված վնասի չափը դեռևս անհայտ է, քանի որ սեյֆերի պարունակությունը համարվում է բանկային գաղտնիք:
Կողոպուտի ժամանակ հանցագործները Բլոկեներ փողոցում գտնվող շենքի նկուղում անհայտ հեղուկ են ցողել. ենթադրվում է, որ հենց դրա պատճառով է, որ ժամը 15:30-ի սահմաններում մասնաճյուղի աշխատակիցները գանգատվել են վատ ինքնազգացողությունից և սրտխառնոցից: Կանչով ժամանել են հրշեջներն ու բուժաշխատողները, ովքեր օգնություն են ցուցաբերել երկու աշխատակցի: Տարածքը տարհանվել է: Չափումները որևէ վտանգավոր նյութի կոնցենտրացիայի գերազանցում չեն հայտնաբերել:
Ինչ վերաբերում է ենթադրյալ կողոպտիչներին, վկաները տեսել են կապույտ համազգեստով երեք հոգու (հավանաբար տղամարդիկ), ովքեր բանկի շենքից քայլել են դեպի սև ավտոմեքենան: Վկաները չեն կարողացել հստակ ասել՝ արդյոք այդ երեքը նստել են մեքենան, թե՞ պարզապես անցել են կողքով: Նրանց որոնում են:
Բանկերի կողոպուտները Գերմանիայում դեկտեմբեր և հունվար ամիսներին
-
2025թ. դեկտեմբերի 17-ին Բոննի կենտրոնում գտնվող Sparkasse բանկի մասնաճյուղում բացվել էր երկու սեյֆ: Դրանցից գողացվել էին մեծ արժեք ներկայացնող իրեր, հիմնականում՝ ոսկի: Ոստիկանությունը հայտնել էր, որ հանցագործության մեջ կասկածվում է բանկի 22-ամյա նախկին աշխատակիցը: Նրա բնակարանում խուզարկություններ են անցկացվել, տղամարդուն տարել են բաժին, սակայն այնուհետև ազատ են արձակել, քանի որ կալանավորելու համար հիմքեր չեն գտնվել:
-
Դեկտեմբերի 29-ի առավոտյան Գելզենկիրխենի Sparkasse մասնաճյուղի անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր, որ բանկի պահոցում կոտրվել է մոտ 3200 պահատուփ՝ կանխիկ դրամով, ոսկով և այլ թանկարժեք իրերով: Հանցագործները պահոց էին ներխուժել հարակից ավտոկայանատեղիից՝ ծակելով պատը: Որոշ տվյալներով՝ վնասի չափը կարող է գերազանցել 100 միլիոն եվրոն. այս կողոպուտն անվանում են խոշորագույններից մեկը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Քննիչները հայտնաբերել են պետհամարանիշներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են հանցագործների մեքենային: Ոստիկանությունը հարցաքննում է հազարավոր տուժածների:
-
Դեկտեմբերի 30-ին Հալլե քաղաքի կայարանամերձ փողոցում գտնվող բանկի մասնաճյուղում, աշխատանքային օրվա ընթացքում, անհայտ անձինք կոտրել են չորս սեյֆային պահատուփ: Իսկ հունվարի 29-ին կոտրվել է 18 պահատուփ Վիլհելմսհաֆեն քաղաքի Sparkasse-ի մասնաճյուղում:
Քննիչները պարզում են՝ արդյոք կա՞ կապ այս բոլոր կողոպուտների միջև:
Աղբյուր՝ DW на русском

