Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/2/2026
share

Նավալնիին թունավորել են էկվադորյան գորտի թույնով․ DW

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «մեծ հավանականությամբ» մահացել է էպիբատիդինով թունավորման հետևանքով. դա թույն է, որն արդյունահանվում է էկվադորյան գորտի (лягушка-древолаз) մաշկից։ Նման եզրակացության են եկել Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Շվեդիայի կառավարությունները, քանի որ այդ երկրների լաբորատորիաները քաղաքական գործչի կենսանյութերի նմուշներում հայտնաբերել են թույնի հետքեր։ Հինգ երկրների ԱԳՆ-ների համապատասխան հայտարարությունը շաբաթ օրը՝ փետրվարի 14-ին, հրապարակել է Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությունը։ Ավելի վաղ եվրոպական լաբորատորիաների հետազոտությունների տվյալներով կիսվել էին The Insider և Der Spiegel պարբերականները. թեմայի վերաբերյալ ընդդիմադիրի այրիի՝ Յուլյա Նավալնայայի հայտարարությամբ տեսանյութը հրապարակվել է նաև «Նավալնիի թիմ» Telegram-ալիքում։

Նշվում է, որ այս գորտերը բնակվում են Հարավային Ամերիկայում, չեն հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում և անազատության մեջ էպիբատիդին չեն արտադրում։ «Ռուսաստանը պնդում էր, թե Նավալնին մահացել է բնական մահով։ Հաշվի առնելով էպիբատիդինի տոքսիկությունը և հաղորդված ախտանիշները՝ թունավորումը, ամենայն հավանականությամբ, դարձել է նրա մահվան պատճառը»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։ Հինգ երկրների ներկայացուցիչները նաև ծրագրում են շաբաթ օրը միասին հանդես գալ Մյունխենի անվտանգության համաժողովում (MSC)։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հավելել է, որ «միայն ռուսական պետությունն է տիրապետել միջոցներին, դրդապատճառին և հնարավորությանը՝ օգտագործելու այս մահացու տոքսինը Նավալնիի դեմ Սիբիրի ուղղիչ գաղութում նրա բանտարկության ժամանակ»։ «Մենք նրան (ռուսական պետությանը) համարում ենք պատասխանատու նրա մահվան համար»,- ընդգծվում է Լոնդոնի առանձին հայտարարության մեջ։

Տվյալներն ուղարկվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպություն

Հինգ երկրների ԱԳ նախարարները նաև հայտարարել են, որ փետրվարի 14-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրենին են փոխանցել տեղեկատվություն ռուսական կողմից Քիմիական զենքի մասին կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ «Մենք նաև մտահոգված ենք, որ Ռուսաստանը չի ոչնչացրել իր ողջ քիմիական զենքը։ Մենք և մեր գործընկերները կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական լծակները՝ շարունակելու Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը»,- նշված է տեքստում։

Ալեքսեյ Նավալնիի մահը Ռուսաստանում

Ալեքսեյ Նավալնին 2020 թվականի օգոստոսին գիտակցությունը կորցրել էր Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, որից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին ցուցաբերվել էր առաջին օգնություն։ Մի քանի օր անց անգիտակից վիճակում գտնվող Նավալնիին տեղափոխել էին բեռլինյան «Շարիտե» կլինիկա, որտեղ շարունակվել էր բուժումն ու վերականգնումը։

Գերմանիայի զինված ուժերի հատուկ լաբորատորիայի փորձագետները, անցկացնելով ռուս ընդդիմադիրից վերցված փորձանմուշների տոքսիկոլոգիական անալիզ, դրանցում հայտնաբերել էին «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութի հետքեր։ Նույնանման եզրակացության էին հանգել միմյանցից անկախ Շվեդիայի և Ֆրանսիայի լաբորատորիաները, ինչպես նաև ՔԶԱԿ-ի փորձագետները։

2021 թվականի հունվարին Նավալնին վերադարձավ Ռուսաստան, որտեղ ձերբակալվեց և դատապարտվեց։ Երեք տարի անց՝ 2024 թվականի փետրվարի 16-ին, քաղաքական գործիչը, ով համարվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր քաղաքական մրցակիցը, չպարզված հանգամանքներում մահացավ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութում, որտեղ կրում էր բազմամյա պատժաչափը։ Նավալնիի կենսանյութերի նմուշները հաջողվել է Ռուսաստանից դուրս բերել նրա ընտանիքին, գրում են The Insider-ը և Der Spiegel-ը։
 

Աղբյուր՝ DW на русском

facebook sharing button facebook