
Իր վերջին զեկույցում «Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումը» (FID) ներկայացնում է կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվական ամբողջականության աշխատանքային խմբի արդյունքները: Վերջին 12 ամիսների ընթացքում Բրազիլիայի և Հայաստանի կառավարությունների գլխավորությամբ իրականացված հետազոտության արդյունքում պատրաստված զեկույցը կոչ է անում բարեփոխել թվային գովազդը, պաշտպանել բնապահպանական լրագրողներին և տեղեկատվական ամբողջականությունը ներառել կլիմայական ու բնապահպանական կառավարման համակարգերում:
Չնայած վերջին տվյալները փաստում են, որ աշխարհը շեղվել է 1,5°C ջերմաստիճանի սահմանափակման ուղուց, կլիմայական ապատեղեկատվությունը դարձել է ևս մեկ մարտահրավեր, որը պետք է հաղթահարել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և շրջակա միջավայրի պահպանման գործում: Ֆորումի նոր զեկույցն առաջարկում է կոնկրետ քայլեր, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել այս խնդրի լուծման համար:
«Կլիմայական ապատեղեկատվությունն ավելի ու ավելի է օգտագործվում որպես քաղաքական շահի հասնելու զենք, և պետությունների ու համապատասխան շահագրգիռ կողմերի գործողությունները հրատապ են: Մեր աշխատանքային խմբի զեկույցը նախանշում է հստակ բարեփոխումներ, որոնք կառավարությունները կարող են իրականացնել՝ համապատասխան «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» սկզբունքներին, հատկապես՝ կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքին»։ — Կամիլ Գրենյե, «Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի» գործադիր տնօրեն:
Մեկամյա գործընթացի գագաթնակետը
Իրենց նախաբանում Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունները, որոնք համանախագահում են աշխատանքային խումբը 2025 թվականի փետրվարից, ընդգծում են իրենց առաքելության հրատապությունը. «Տեղեկատվական ամբողջականության պաշտպանությունը լոկ տեխնիկական մարտահրավեր չէ, այլ ժողովրդավարական կառավարման և 21-րդ դարում արդյունավետ կլիմայական գործողությունների հիմնարար պահանջ: Այս հրատապությունը հատկապես ակնհայտ է այն համատեքստում, որտեղ բնապահպանական սթրեսը, հասարակության դիմակայունությունը և հանրային տեղեկատվության հանդեպ վստահությունը սերտորեն փոխկապակցված են»:
Համանախագահելով այս աշխատանքը՝ երկու կառավարություններն էլ աջակցել են միջազգային մի գործընթացի, որը միավորել է շուրջ 100 քաղաքականություն մշակողների, հետազոտողների և քաղհասարակության փորձագետների 30 երկրներից՝ սահմանելու այնպիսի միջոցներ, որոնք ի զորու են դիմակայել մարդկության համար գլխավոր սպառնալիքներից մեկին (ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային տնտեսական ֆորումի բնորոշման):
Աշխատանքային խումբը 2025 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացրել է չորս հանդիպում: Մայիսին Երևանում (Հայաստան) տեղի է ունեցել առերես հանդիպում, իսկ առաջին արդյունքները ներկայացվել են Բելեմում՝ COP30-ի շրջանակներում, որտեղ մասնակից երկրների մեծ մասը հավանություն է տվել «Կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվական ամբողջականության Բելեմի հռչակագրին»:
Հիմնական հանձնարարականները
-
Տեղեկատվական ամբողջականության ներառում անմիջապես կլիմայական և բնապահպանական կառավարման համակարգերում՝ ընդունելով, որ կլիմայական գործողությունները հնարավոր չեն առանց հավաստի տեղեկատվության հասանելիության:
-
Թվային գովազդի և տնտեսական խթանների բարեփոխում՝ բնապահպանական ապատեղեկատվության դրամայնացումը խափանելու համար:
-
Թափանցիկության և կորպորատիվ հաշվետվողականության բարձրացում՝ բացահայտելու շահագրգիռ կողմերին, պայքարելու «կանաչ լվացման» (greenwashing) դեմ և կարգավորելու բնապահպանական հայտարարությունները:
-
Բնապահպանական լրագրողների և պաշտպանների պաշտպանություն, ինչը հիմք է հանդիսանում իրազեկ հանրային քննարկումների և հաշվետվողականության համար:
-
Կարգավորող մարմինների և հարթակների պատասխանատվության հզորացում՝ ապահովելով, որ թվային տիրույթները նպաստեն հավաստի տեղեկատվության հասանելիությանը:
-
Մեդիա ազատության և որակյալ բնապահպանական լրագրության ամրապնդում՝ որպես հանրային բարիք:
-
Գիտական հաղորդակցության և տվյալների ամբողջականության բարելավում՝ ապահովելու բնապահպանական տեղեկատվության համընդհանուր հասանելիությունը:
-
Բնապահպանական և մեդիագրագիտության զարգացում՝ ապատեղեկատվության նկատմամբ հասարակական դիմակայունություն ստեղծելու համար:
-
Հետազոտությունների և մոնիտորինգի ընդլայնում բնապահպանական ապատեղեկատվության և ազդեցության գործողությունների ուղղությամբ:
-
Ինստիտուցիոնալ կարողությունների և բազմակողմ համակարգման հզորացում՝ ազգային ջանքերը համապատասխանեցնելով միջազգային նախաձեռնություններին:
Զեկոյցն ամբողջությամբ այստեղ

