Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/2/2026
share

Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան առաջին երիտասարդական համաժողովը

ԵՄ-Հայաստան երիտասարդական համաժողովը փետրվարի 12-ին միավորել էր 70 երիտասարդների՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ մրցակցային ընտրության միջոցով։ Համաժողովը կազմակերպել էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ երիտասարդական խորհուրդը՝ Goethe-Institut Armenien-ի հետ համագործակցությամբ,- այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։

Երիտասարդների վարած պանելային քննարկման ընթացքում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է ԵՄ երիտասարդական նախաձեռնությունները և ընդգծել․ «Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի երիտասարդները, մասնավորապես՝ պակաս բարենպաստ պայմաններում ձևավորված խմբերի ներկայացուցիչները, ունենան լիարժեք հնարավորություններ ինքնիրացման համար՝ իրենց ներուժը ճանաչելու, սեփական կարիքները հստակ ձևակերպելու, համապատասխան հմտություններ զարգացնելու, ինչպես նաև արդյունավետորեն ներգրավվելու երկխոսության և որոշումների կայացման գործընթացներում։ Մեր կողմից նպատակ է դրված ապահովել, որ յուրաքանչյուր անձ ունենա իր արժանապատիվ տեղը, և որևէ մեկն ուշադրությունից դուրս չմնա»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խրախուսել է երիտասարդներին պահպանել ակտիվ դիրքորոշումը, օգտվել առկա հնարավորություններից և շարունակել ներգրավված լինել իրենց ապագային առնչվող քաղաքականությունների ու նախաձեռնությունների ձևավորման գործընթացում։

Երիտասարդ պանելիստները՝ եՄ Երիտասարդական խորհրդից և Երիտասարդ եվրոպական դեսպաններ ցանցից, ընդգծել ե մի շարք հիմնախնդիրներ՝ տեղեկատվության պակաս, լեզվական խոչընդոտներ, ծրագրերի և հնարավորությունների վերաբերյալ ոչ արդյունավետ հաղորդակցություն, նաև՝ մարզերի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ու շարժունակության բացեր։

Այնուհետև մասնակիցները ներկա են գտնվել Էրազմուս+ տեղեկատվական հանդիպմանը, որը վարել են Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակի, Էրազմուս ուսանողական ցանցի և Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնության ներկայացուցիչները։

Համաժողովն ամփոփվել է Եվրոպայի օրվան նվիրված աշխատարանով, որի ընթացքում մասնակիցները մշակել են ԵՄ–Հայաստան տեղեկատվական ցուցահանդեսի տաղավարի գաղափարներ։ Հաղթող առաջարկը կանցնի զարգացման հետագա փուլ և կիրականացվի Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակում։

facebook sharing button facebook