Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/5/2023
share

ԵԱԶԲ-ն Ամուլսարի հանքավայրի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել. news.am

News.am-ի հաղորդմամբ  ԵԱԶԲ-ն սպասում է Ամուլսարի հանքավայրի բնապահպանական նոր փորձաքննության արդյունքներին։ Այս մասին ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլինը` պատասխանելով Sputnik Արմենիայի՝ Ալմաթիում կայացած ADFIAP Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի  Զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում։

Նրա խոսքով, նախագիծը պետք է մեծ դրական տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, երկրի կառավարությունը դա կարեւոր է համարում։ Միեւնույն ժամանակ, պարզ է, որ ոչ մի հանքարդյունաբերական ծրագիր չի կարելի դրական համարել շրջակա միջավայրի համար, հատկապես բաց արդյունահանման դեպքում:

«Խնդիրը ծրագրի իրականացումը ապահովելն է, բայց նվազագույնի հասցնելով բնապահպանության համար բացասական ազդեցությունը: Եվ սա մեզ համար առանցքային է»,- ասել է Իլինը:

Նրա խոսքով, բանկը սպասում է բնապահպանական նոր եզրակացության արդյունքներին եւ տեխնիկական խորհրդատուի եզրակացությանը, թե ինչպես այդ ամենը կիրականացվի:

Նախորդ եզրակացությունն արվել է բավականին վաղուց.

«Ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ կարվի: Եվ դա արվելու է մեր վերահսկողության ներքո։ Մենք գիտենք, թե ով ինչ է անում: Եվ սա այն արդյունքն է, որի վրա կարող ենք հույս դնել: Որովհետեւ եթե մենք մեր անունը դնենք սեղանին, ապա պետք է վստահ լինենք, որ այնտեղ ամեն ինչ կարգին է», - ասել է Իլյինը:

Նախնական գնահատմամբ՝ փորձաքննության արդյունքները կհայտնվեն մինչեւ օգոստոսի վերջ։ Վերլուծությունն իրականացվում է Hatch-ի կողմից։ Կա նաեւ առանձին բնապահպանական խորհրդատու, որի հետ աշխատում է բանկը։ Անցյալ շաբաթ նրա ներկայացուցիչներն այցելել են  հանքավայր։

«Կարծում եմ՝ մինչեւ ամառվա վերջ որոշակիություն կլինի նաեւ նախագծի առումով․ նախագիծը առաջ գնում է, թե ոչ։ Եթե ​​փորձաքննությունը չգոհացնի, նախագիծը չենք անի»,- ասել է Իլյինը։

Նյութի աղբյուր՝ news.am

facebook sharing button facebook