
Երևանի 2027 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկմանը քաղաքացիներից մասնակցել են միայն «Երևանի կանաչ խորհուրդ» քաղաքացիական նախաձեռնության երեք անդամները։ Քննարկման ընթացքում բարձրացվել են հանրային մասնակցության, բյուջետային գործընթացների թափանցիկության, օդի աղտոտվածության, կանաչապատման, կեղտաջրերի մաքրման և հեղեղումների կանխարգելման վերաբերյալ հարցեր, որոնց մի մասը մնացել է առանց հստակ պատասխանի։
Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ հանրային սահմանափակ մասնակցությամբ
Երևանի տարեկան բյուջեն սահմանում է մայրաքաղաքի զարգացման ֆինանսական առաջնահերթությունները՝ քաղաքային ենթակառուցվածքներից և տրանսպորտից մինչև շրջակա միջավայրի պահպանություն ու հանրային ծառայություններ։ Բյուջեի նախագծի հանրային քննարկումը բնակիչների համար հնարավորություն է՝ ծանոթանալու նախատեսվող ծախսերին, ներկայացնելու առաջարկություններ և բարձրացնելու համայնքային նշանակության հարցեր։
Ինչպես հայտնում է «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի թղթակիցը՝ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաքի բյուջեի հանրային քննարկմանը քաղաքացիներից մասնակցել են երեք հոգի, բոլորն էլ՝ «Երևանի կանաչ խորհուրդ» համայնքային քաղաքացիական նախաձեռնության անդամներ։
Քննարկման մեկնարկին նախաձեռնության անդամ Հայկ Աբրահամյանն անդրադարձել է հենց հանրային մասնակցության ցածր մակարդակին։ «Սա քաղաքի կառավարման կարևորագույն փաստաթուղթն է, ու այն փաստը, որ ընդամենը երկու-երեք քաղաքացի է մասնակցում՝ ենթադրում եմ՝ տեղյակ եղել են, որ այսպիսի լսումներ են կազմակերպվում ու մասնակցում, շատ խնդրահարույց եմ համարում»,- նշել է նա:
Աբրահամյանն առաջարկել է 2027 թվականի բյուջեում առանձին ուղղություն նախատեսել հանրային մասնակցության մեխանիզմների բարելավման և բնակիչների ներգրավվածության բարձրացման համար։ Նա անդրադարձել է նաև քաղաքապետարանի կողմից տեղեկատվության նախաձեռնողական հրապարակման անհրաժեշտությանը։ «Դուք ասում եք բնակիչներին՝ հարցրեք, մենք կպատասխանենք։ Մենք ասում ենք՝ եղե՛ք թափանցիկ և պրոակտիվ»,- նշել է նա։
Կանաչապատման համար՝ 6-7 միլիարդ դրամ․ ինչի՞ն են ուղղվելու միջոցները
Քննարկման ընթացքում բարձրացված հարցերից մեկը վերաբերել է կանաչապատման համար նախատեսված ֆինանսական միջոցների բաշխմանը։ Հայկ Աբրահամյանի խոսքով՝ բյուջեի նախագծում կանաչապատման համար նախատեսված է շուրջ 6-7 միլիարդ դրամ, սակայն ներկայացված փաստաթղթերում նա չի գտել այդ միջոցների մանրամասն բացվածքն ըստ առանձին նպատակների։ «Կանաչապատման հետ կապված՝ տեսա 6-7 միլիարդ դրամ բյուջեում նախատեսված է, ենթադրում եմ, որ բավականին է, բայց բացվածք չտեսա բյուջեի։ Կուզենայի և՛ կանաչ տարածքների պահպանման, և՛ ընդլայնման հետ կապված բյուջեի բացվածք տրամադրեք՝ ըստ թիրախների, թե ինչ է նախատեսվում»,- ընդգծել է նա։
Կանաչապատման ոլորտում ընդհանուր ֆինանսական հատկացումների չափից բացի, ծախսերի գնահատման համար կարևոր է նաև դրանց բաշխումն ըստ նպատակների՝ որքան գումար է նախատեսվում ուղղել առկա կանաչ տարածքների պահպանմանը, որքան՝ նոր տարածքների ստեղծմանը, և ինչ արդյունքներ են ակնկալվում այդ ներդրումներից։ Կանաչապատման բյուջեի մանրամասն ծախսային բացվածքի վերաբերյալ հարցը հանրային քննարկման ընթացքում մնացել է անպատասխան։
Շինհրապարակների փոշին․ վերահսկողություն և կրկնվող խնդիրներ
Նախաձեռնության անդամները հետաքրքրվել են նաև, թե 2027 թվականի բյուջեով որքան ֆինանսական միջոց է նախատեսվում հատկացնել շինարարական աշխատանքների հետևանքով առաջացող օդի աղտոտվածության նվազեցմանը։
«Երևանի կանաչ խորհրդի» անդամ Հռիփսիմե Քոչարյանը բարձրացրել է շինհրապարակներում իրականացվող վերահսկողության արդյունավետության հարցը՝ անդրադառնալով այն դեպքերին, երբ փոշու տարածման խնդիրն արձանագրվում և վերացվում է, սակայն հետագայում նույն տարածքում կրկին առաջանում է։ Ի պատասխան՝ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել է, որ շինհրապարակներում արձանագրված խնդիրները լուծվում են մեկ օրվա ընթացքում։
Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման ոլորտի օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են տալիս կառուցապատողների նկատմամբ կիրառել վերահսկողության առավել խիստ ռեժիմ։ Փոխքաղաքապետը հայտնել է նաև, որ ռիսկայնության 3-րդ և 4-րդ աստիճանների առանձին շինհրապարակներում տեղադրված են օդի որակի մոնիթորինգի սարքեր։
Այդուհանդերձ, շինհրապարակներից առաջացող օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված կոնկրետ բյուջետային հատկացումների և կրկնվող խնդիրների կանխարգելման միջոցառումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել։
Աէրացիայի կայանի հետագա գործունեությունը և կեղտաջրերի մաքրումը
Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աէրացիայի կայանի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներին և կեղտաջրերի մաքրման ուղղությամբ քաղաքապետարանի անելիքներին։
«Աէրացիայի կայանի ճակատագիրը. արդյոք 2027 թվականի բյուջեում ինչ-որ բան նախատեսված է։ Գիտեմ, որ խնդիր կա, ում պատասխանատվությունն է ի վերջո աէրացիան, բայց կարծում եմ՝ քաղաքապետարանը պետք է որոշակի դիրքորոշում ունենա այդ հարցում՝ ֆինանսների և տնտեսության առումով»,- նշել է Հայկ Աբրահամյանը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտնել են, որ տվյալ պահին Աէրացիայի կայանի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չունեն, իսկ համապատասխան համակարգը չի գտնվում քաղաքապետարանի հաշվեկշռում։
Միաժամանակ նրանք անդրադարձել են գետերի ջրերի մաքրման նպատակով նոր մաքրման կայանների կառուցման ծրագրերին, որոնց միջոցով նախատեսվում է իրականացնել ջրերի մաքրում՝ նախքան դրանց Աէրացիայի կայան հասնելը։
Աէրացիայի կայանի հետագա գործունեության և դրա առնչությամբ 2027 թվականի բյուջեով հնարավոր ֆինանսական հատկացումների հարցը, սակայն, չի հստակեցվել։
Հեղեղումների կանխարգելում․ խողովակաշարերից մինչև բնահեն լուծումներ
Քննարկման մեկ այլ թեմա է եղել քաղաքային հեղեղումների կանխարգելումը և կոյուղատար համակարգերի թողունակության խնդիրների կարգավորումը։ Հայկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե արդյոք հեղեղումների կանխարգելման ծրագրերում, խողովակաշարային լուծումներից բացի, նախատեսվում է կիրառել նաև բնահեն լուծումներ՝ մասնավորապես ավելացնել ջրաթափանց մակերեսները՝ «Կանաչ քաղաք» ծրագրով նախատեսված մոտեցումներին համապատասխան։
Ջրաթափանց մակերեսները, կանաչ տարածքները և անձրևաջրերի կուտակման ու ներծծման համար նախատեսված ենթակառուցվածքները քաղաքային հեղեղումների կանխարգելման միջոցներից են։ Դրանք հնարավորություն են տալիս նվազեցնել մակերևութային ջրերի հոսքը և ջրահեռացման համակարգերի ծանրաբեռնվածությունը։
Քննարկման ընթացքում այս հարցերի վերաբերյալ հնչել են մեկնաբանություններ, սակայն բնահեն լուծումների կիրառման, ջրաթափանց մակերեսների ավելացման և կոյուղատար համակարգերի թողունակության բարելավման կոնկրետ միջոցառումների ու դրանց ֆինանսավորման վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել։
Հանրային քննարկումից հետո․ ի՞նչ հարցեր են մնում բաց
Երևանի 2027 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել մի շարք գործող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։ Միաժամանակ բաց են մնացել հետևյալ հարցերը՝
-
Արդյո՞ք բյուջեով նախատեսվելու են հանրային մասնակցության մեխանիզմների բարելավմանն ուղղված առանձին միջոցառումներ։
-
Ինչպե՞ս են բաշխվելու կանաչապատման համար նախատեսված 6-7 միլիարդ դրամը և ի՞նչ չափելի արդյունքներ են ակնկալվում։
-
Որքա՞ն ֆինանսական միջոց է նախատեսվում հատկացնել շինհրապարակներից առաջացող օդի աղտոտվածության նվազեցմանը։
-
Ի՞նչ դերակատարություն է նախատեսում ունենալ քաղաքապետարանը Աէրացիայի կայանի խնդիրների կարգավորման հարցում։
-
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում հեղեղումների կանխարգելման, բնահեն լուծումների կիրառման և կոյուղատար համակարգերի թողունակության բարելավման ուղղությամբ։
Հանրային քննարկմանը երեք քաղաքացու մասնակցության փաստն առանձին հարցեր է առաջադրում նաև բյուջետային գործընթացներում բնակիչների ներգրավման վերաբերյալ՝ որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված քննարկումների մասին, որքանո՞վ են հասանելի բյուջետային փաստաթղթերը, և ի՞նչ մեխանիզմներով կարող են բնակիչներն ազդել քաղաքի ֆինանսական առաջնահերթությունների ձևավորման վրա։ Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն տարեկան բյուջեի քննարկման, այլև տեղական ինքնակառավարման գործընթացներում հանրային մասնակցության արդյունավետության գնահատման տեսանկյունից։
