
Հայաստանում տեղական ինքնակառավարումը բովանդակային առումով կայացած չէ, իսկ համայնքային ռեսուրսների սղությունը սահմանափակում է քաղաքական մրցակցությունն ու ժողովրդավարության զարգացումը։ Այս մասին «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի հետ զրույցում նշել է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով հանրակրթության ոլորտում առկա ցուցանիշներին, քաղաքացիական կրթության դերին և սեփականության իրավունքի պաշտպանությանը։
Ֆորմալ ապակենտրոնացում և ֆինանսական կախվածություն
Թեև Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հռչակված է տեղական ինքնակառավարման սկզբունքը, բովանդակային առումով այն երաշխավորված չէ։ Պատճառը համայնքների ֆինանսական կախվածությունն է կենտրոնական իշխանությունից։ Համայնքային բյուջեները հիմնականում ձևավորվում են գույքահարկից, հողի հարկից և տեղական տուրքերից, մինչդեռ համայնքի տարածքում գոյացող եկամտահարկը, շահութահարկը և ԱԱՀ-ն ուղղվում են պետական բյուջե։
«Ինչքան չափով որ ապահովված չեն տեղական ռեսուրսները՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն իրականացնելու համար, այդքան չափով տեղական ինքնակառավարումը խոցելի է, իսկ ժողովրդավարությունը՝ չապահովված։ Արդյունքում այդ քաղաքացիներն էլ հանդես են գալիս միայն որպես քվեարկողներ, բայց ոչ թե համայնքային նշանակության խնդիրներում շահագրգիռ կողմեր», - ընդգծում է Սաքունցը։
Նրա խոսքով՝ ռեսուրսների սակավությունը սահմանափակում է նաև տեղական մակարդակում քաղաքական մրցակցությունը։ Երբ համայնքը չունի սեփական զգալի միջոցներ, քաղաքական ուժերը ծրագրային պայքար չեն մղում տեղերում։ Օրինակ Թումանյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր ընդամենը մեկ թեկնածու, ինչը, ըստ էության, զրկում է ընտրողներին այլընտրանքի հնարավորությունից։
Կրթության ճգնաժամը՝ որպես ազգային անվտանգության մարտահրավեր
Անդրադառնալով ժողովրդավարության կայացման նախապայմաններին՝ Արթուր Սաքունցն առաջնային է համարում հասարակության կրթական մակարդակը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը զարգացել է այն պետություններում, որտեղ քաղաքացիներն ունեցել են կրթության բարձր մակարդակ։
Իրավապաշտպանը վկայակոչում է պետական ստուգումների և բուհերի ընդունելության տագնապալի տվյալները, ըստ որոնց՝ դիմորդների շուրջ 25 տոկոսը հայոց լեզվից և մաթեմատիկայից ստանում է անբավարար գնահատական՝ չնայած միջնակարգ կրթության վկայական ունենալուն։
«Սա խայտառակություն է, բայց ավելի մեծ խայտառակություն է այն, որ այդ արդյունքները ահազանգ և անքնության պատճառ չեն դառնում պատասխանատուների համար։ Անգրագետ քաղաքացին պարարտ հող է ավտորիտարիզմի և տարբեր մանիպուլյացիաների համար։ Եթե հասարակության նվազագույն կրթական շեմն ապահովված չէ, ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող», - նշում է Սաքունցը՝ հավելելով, որ պետությունը պարտավոր է լրացուցիչ պարապմունքներ և ֆինանսավորում հատկացնել՝ դպրոցականների գիտելիքների բացը լրացնելու համար։
Ոչ ֆորմալ կրթության և քաղաքացիական նախաձեռնությունների դերը
Խոսելով քաղաքացիական նախաձեռնությունների և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին՝ Սաքունցը նշում է, որ պաշտոնական և ոչ ֆորմալ կրթությունները տարբեր խնդիրներ են լուծում, սակայն փոխլրացնում են միմյանց։
«Այս նախաձեռնությունները քաղաքացիական կրթության նշանակություն ունեն՝ այն առումով, որ կենդանի փորձը, թե ինչպես ճանաչել և լուծել այն խնդիրները, որոնք ներառված չեն կրթական պաշտոնական ծրագրերում, ամենալավագույն ինստիտուտն է։ Քաղաքացիական հասարակության զարգացման համար նման հարթակներն առավել քան կարևոր են»,- ասում է նա։
Սեփականության իրավունք և ընտրական սահմանափակումներ
Ժողովրդավարության մյուս կարևոր հենասյունը, ըստ իրավապաշտպանի, սեփականության իրավունքի ինստիտուտի անձեռնմխելիությունն է՝ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային մակարդակում։ Նրա համոզմամբ՝ համայնքի տարածքում գործող մասնավոր բիզնեսը պետք է ուղղակի կապ ունենա համայնքային բյուջեի հետ, որպեսզի տեղական իշխանությունն ունենա իրական լծակներ բարենպաստ միջավայր ստեղծելու համար։
Անդրադառնալով ընտրական օրենսդրության փոփոխություններին՝ Սաքունցը քննադատում է տեղական ընտրություններին մասնակցելու համար վերջին երկու տարվա բնակության ցենզի կիրառումը։ Նրա գնահատմամբ՝ նման կտրուկ սահմանափակումը խախտում է կանխատեսելիության սկզբունքը և ընտրական իրավունքից զրկում է բազմաթիվ քաղաքացիների, ինչը կարող է խնդրահարույց դարձնել ընտրությունների արդյունքները։
