
Արևելյան Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի: Հետցնցումներն ու սողանքները դժվարացնում են աղետի գոտում փրկարարական աշխատանքներն ու աջակցության տրամադրումը:
Արևելյան Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից տուժած բնակավայրերի բնակիչները դեռ սպասում են հումանիտար աջակցության, մինչ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները փլատակների տակ մնացած քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ:
Երկուշաբթի ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ զոհերի թիվը 54-ից հասել է 68-ի: Այս մասին տեղեկացրել է Ինդոնեզիայի Աղետների կառավարման ազգային գործակալության (BNPB) ներկայացուցիչ Բերտոն ՍՊ Պանջաիտանը՝ նշելով նաև, որ ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Սա երկրում արձանագրված ամենախոշոր աղետն է 2022 թվականից ի վեր, երբ Արևմտյան Ճավայում տեղի ունեցած ցնցումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Այժմ հազարավոր բնակիչներ տարհանվել են. նրանք ժամանակավորապես տեղավորվել են վրաններում և հետցնցումների վտանգի պատճառով հրաժարվում են վերադառնալ իրենց տները:
Շաբաթ օրը գրանցված աղետը համընկել է Ինդոնեզիայի Անկախության օրվա տոնակատարությունների հետ: Պանջաիտանի փոխանցմամբ՝ Արևելյան Նուսա Տենգարա նահանգում մինչ երկուշաբթի արձանագրվել է շուրջ 1,600 հետցնցում:
Երկրի երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան տարածաշրջանում գրանցվել է ևս մեկ՝ 5.6 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորերկրյա ցնցումների հետևանքով առաջացած սողանքները փակել են նահանգի մի շարք ավտոճանապարհներ, այդ թվում՝ Սիկկա և Մանգարայ շրջաններում:
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ իշխանությունները ներգրավել են ավիացիան՝ աղետի գոտի սնունդ և վրաններ հասցնելու համար: Գործակալության նախնական գնահատմամբ՝ վնասվել է շուրջ 500 բնակելի տուն․ Al Jazeera
