Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/6/2026
share

Լերմոնտովոն նախընտրեց ապրել մաքուր միջավայրում․ բնակիչները դեմ էին հանքարդյունաբերությանը (տեսանյութ)

Լերմոնտովոյի մոլոկանները ժողովրդավարության մաստեր կլաս ցույց տվեցին հանրային լսումներին. «Մեզ բարձրյալն է այստեղ բերել, այս հող ու ջրով ենք ապրում ու շնորհակալ ենք, հանգիստ թողե՛ք մեզ, տարեք ձեր լսումները ուր ուզում եք, հեռո՛ւ մեր գյուղից»,- վրդովմունքն արտահայտեց գյուղի տարեց բնակիչներից մեկը։

Բնապահպանական շրջանակների դիտարկմամբ՝ մարդիկ այլ տեսլական ունեն այստեղ, որն անհամատեղելի է երկրաբանական ուսումնասիրությունների հետ։ Զբոսաշրջություն ու կանաչ գյուղատնտեսություն են ուզում զարգացնել։ Խնդիրը մտահոգել էր ոչ միայն Լերմոնտովոյի մոլոկաններին, հայ և եզդի բնակիչներին, այլև հարակից Անտառաշեն, Մարգահովիտ բնակավայրերին:

«Չենք ուզում մեր բնությունը փչանա, մեր երեխաները աղտոտված գյուղում ապրեն, ուզում ենք մաքուր մնա»,- ասում էին նրանք։

Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանի դիտարկմամբ՝ որոշողը բնակիչներն են, ինքը կընդունի նրանց ցանկացած որոշում։ Ուշագրավ է, որ չնայած Չախալյանն անձամբ էր մասնակցել այս տարածքները կենսոլորտային համալիրի կազմում ընդգրկելու մասին քննարկումներին, որ նախաձեռնվել էր նախորդ տարի, բայց փորձում էր լսել երկրաբանական ուսումնասիրությունների համար Լերմոնտովո եկած «Տանդ Զուտ» ՍՊԸ ներկայացուցիչներին։

Մինչդեռ հարևան Մարգահովտից Էմիլիա Մարտիրոսյանը, «Քաղաքացու Ձայն»-ին ասաց, որ Մարգահովտին հարակից Լերմոնտովոն ու Անտառաշենը ունեն կենսոլորտային համալիրի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ ցանկացած միջամտություն բնական միջավայրին արգելված է և մերժվելու է։ Փաստաթուղթը մշակել են 3 գյուղերը և Լերմոնտովոյի համայնքապետն անձամբ է մասնակցել դրա մշակմանը։ Տարակուսեց՝ ինչու լսումներ նախաձեռնող ընկերությանը չի տեղեկացրել այդ մասին։

«Տանդ Զուտ» ՍՊԸ-ն, հիմնվելով արդեն իսկ գոյություն ունեցող երկրաբանական տվյալների վրա, մտադիր է հետազոտել Լերմոնտովոյի վարչական սահմաններում գտնվող Տանձուտի երկրորդային քվարցիտների և պրոպիլիտների հանքավայրը, որ ավելի շատ «Երկաթե գլխարկ» անունով է հայտնի։ Տարածքը նախկինում էլ է շահագործվել։ Տարիներ առաջ «Հայկական բնապահպանական ճակատ»-ը իրականացրել էր Տանձուտի լքված հանքավայրի տարածքի և հարակից հոսքաջրերի լաբորատոր ուսումնասիրություն։

Պարզվել էր, որ տարածքի ջրերում ծանր մետաղների պարունակությունը բազմակի գերազանցում է էկոլոգիական նորմերը, ինչի արդյունքում ջրերի աղտոտվածությունն ամենաբարձր աստիճանի է։ Նման ջուրն անգամ ոռոգման համար է արգելված։ Բնապահպանների պնդմամբ՝ հանքի թթվային ապարների դրենաժը հսկայական ծավալներով շարունակվում է մինչ օրս։ Այդ վտանգավոր ջրերը սկզբում լցվում են Տանձուտ գետը, ապա՝ Շահումյան և Վանաձոր բնակավայրերի միջով հոսելով, հայտնվում են Փամբակ գետում։

 

Բնակիչների ճնշման ներքո՝ «Տանդ Զուտ» ՍՊԸ ներկայացուցիչները շատ արագ լքեցին Լերմոնտովոյի համայնքապետարանի շենքը։ Բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի բնորոշմամբ՝ Լերմոնտովոյի բնակիչները տեղական ժողովրդավարության փայլուն օրինակ ցույց տվեցին՝ պաշտպանելով մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքը։

Մերժելով լսումները, նրանք ՏԻՄ-ին հայտնեցին անհամաձայնություն գործընթացի նկատմամբ և կարողացան ի նպաստ կիրառել ժողովրդավարական մեխանիզմները, մինչդեռ հարևան համայնքներում, օրինակ Փամբակի Քարաբերդ բնակավայրում, հաճախ ենք ականատես լինում հակաժողովրդավարական երևույթների, երբ ավագանին անտեսելով բնակիչների ձայնը՝ կողմ  է քվեարկում։

 

Համայնքի ղեկավարի ստորագրությամբ կազմվեց արձանագրություն՝ որով ամրագրվեց բնակիչների անհամաձայնությունը հանքի բացման հեռանկարի վերաբերյալ։ Բնակիչները նաև ստորագրություններով վավերացրին իրենց մերժումը։

facebook sharing button facebook