
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին արդեն մի քանի օր է` զրկել են զբոսանքի հնարավորությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ օրեր առաջ Արթուր Օսիպյանին այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և ակնկալվում էր, որ այդ այցից հետո կլուծվեն նրա կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև կբարելավվեն պահման պայմանները։ Սակայն, ըստ նրա, տեղի է ունեցել հակառակը։
«Արթուր Օսիպյանին արդեն մի քանի օր է զրկել են զբոսանքի հնարավորությունից։ Սա անմարդկային վերաբերմունք է և խոսում է նրա մասին, որ Արթուր Օսիպյանին քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն որոշ առումով նման է վրեժխնդրության»,- նշել է նա։
Փաստաբանը նաև անդրադարձել է տեղեկություններին, ըստ որոնց՝ Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Նրա գնահատմամբ՝ այդ քննարկումները «կրում են ձևական բնույթ», քանի որ Օսիպյանի կողմից բարձրացված հարցերը լուծում չեն ստանում։
Վերջում նա կոչ է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին «մարմնավորել մարդու իրավունքների պաշտպան ձևակերպումը» և կատարել պաշտոնին համապատասխան պարտականությունները։

