Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/6/2026
share

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքական ուժերին հրապարակայնորեն հանձն առնել ազատ և արդար ընտրությունների, Հայաստանի եվրոպական ինտեգրման, խաղաղության օրակարգի, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքները։

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական ընտրության առջև՝ անվտանգային, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ լուրջ մարտահրավերների, ինչպես նաև աճող արտաքին բազմազան սպառնալիքների պայմաններում։ Ռուսաստանի շարունակական ազդեցության, ապակայունացման և միջամտության քաղաքականությունը, ներառյալ քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, շանտաժի և ահաբեկման գործիքները, սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական զարգացմանը և եվրաինտեգրման ապագային։ Այս հանգամանքներում առաջիկա ընտրությունները ոչ միայն քաղաքական գործընթաց են, այլև ռազմավարական ընտրություն՝ կապված Հայաստանի պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարական ուղղության հետ։ Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, կոչ ենք անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հրապարակայնորեն հանձն առնել հետևյալ սկզբունքները. Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացում՝ բացառելով վարչական ռեսուրսների չարաշահումը, բռնությունը, ատելության խոսքը, ընտրակաշառքը և ընտրողների նկատմամբ ճնշումները։ Հայաստանի եվրոպական ինտեգրման առաջմղում, ներառյալ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրությունը և Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայումը՝ ուղղված ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն։ Խաղաղության օրակարգի շարունակականության ապահովում և հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արժանապատիվ, իրավահեն խաղաղության վրա։

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության երաշխավորում, ներառյալ աջակցությունը քաղաքացիական հասարակության զարգացմանը և «Հավասարության մասին» լիարժեք օրենքի ընդունումը։ Արդարադատության ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացում՝ դատական և իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահությունը վերականգնելու նպատակով։ Կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում՝ հակակոռուպցիոն հաստատությունների անկախության ամրապնդման, թափանցիկության բարձրացման և բարձրաստիճան կոռուպցիոն դեպքերի արդյունավետ քննության ապահովման միջոցով։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական ներգրավվածությամբ նպաստել ժողովրդավարության, ինքնիշխանության և հաշվետու կառավարման ամրապնդմանը։

Հայաստանի ապագան պետք է կառուցվի ժողովրդավարության, խաղաղության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, ինքնիշխանության և համամարդկային արժեքների վրա։ Քաղաքական ուժերը պարտավոր են հստակ դիրքորոշումներ և հանրային պարտավորություններ ներկայացնել՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգ և արժանապատիվ ապագայի»,- ասված է հաղորդագրությունում։  
 

facebook sharing button facebook