Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/6/2026
share

«Ուղիղ ժողովրդավարությունը սահմանադրական իրավունք է». Օլեգ Դուլգարյանն անդրադարձել է Լերմոնտովոյում հանքի լսումների տապալման պատճառներին

Իրավապաշտպան,  Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է հունիսի 5-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում «Տանձուտ» հանքավայրի նախագծի հանրային լսումների տապալումը: Նա ընդգծել է, որ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը տեղի բնակիչները, հարևան գյուղերի աջակցությամբ, բոյկոտի միջոցով պաշտպանել են իրենց էկոլոգիական իրավունքները: Դուլգարյանը հիշեցնում է տարածաշրջանում ոսկու հանքի շահագործման դեռևս 19-րդ դարից մնացած ծանր հետևանքները, ջրերի աղտոտվածության փաստերն ու նշում, որ տեղական ժողովրդավարության ինստիտուտների ձախողման պայմաններում ինչպես Փամբակում  բնակիչները ստիպված են անցնել ուղիղ ժողովրդավարության գործիքներին:

Մասնավորապես գրել է․

«Այսօր՝ հունիսի 5-ին, Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչները (մոլոկաններ և հայեր) պաշտպանել են իրենց մասնաբաժին շրջակա միջավայրը՝ իրենց ներդրումն ունենալով շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ գործընթացում

Նախատեսված, սակայն տապալված հանրային լսումների նպատակն էր ազգային փոքրամասնության համայնք Լերմոնտովոյի վարչական տարածքի «Տանձուտ» կոչվող կվարցիտների և պրոպիլիտների հանքային տարածքներում, ըստ էության՝ սարերում, իրականացնել կվարցիտների վերագնահատում՝ հետագայում հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելու համար։

Լերմոնտովո գյուղի բնակիչներին օգնության էին հասել նաև շրջակա գյուղերի բնակիչները, և համատեղ թույլ չտվեցին, որպեսզի հանրային լսումները կայանան։ Նախաձեռնողները հեռացան, կազմվեց լսումների չկայացման արձանագրություն, որը վավերացվեց համայնքի ղեկավարի կողմից։

Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Տանձուտում շահագործվում էր ոսկու հանքավայր, որի բացասական ազդեցությունը համայնքի բնակիչները կրում են մինչև օրս։ Ակտիվ դրենաժները շարունակում են այդ հանքավայրից աղտոտել շրջակա միջավայրը, և բնակիչները լավ գիտեն, թե ինչի հետ գործ ունեն։ ՀԲՃ-ի կողմից 2017 թվականին հանքավայրից և Տանձուտ գետից վերցված ջրի նմուշառումների փորձաքննությունը ցույց է տվել ջրերում ծանր մետաղների և քիմիական տարրերի բարձր կոնցենտրացիաները և շարունակական աղտոտումը։

Իսկ տվյալ տարածքների ժողովուրդն առհասարակ իր ապագան կապում է զբոսաշրջության և գյուղատնտեսության հետ։ Զբոսաշրջությունը զարգանում է, անշարժ գույքի գները շարունակաբար աճում են։ Գյուղացիները հստակ ասացին՝ ՈՉ։

Մարդիկ իրենց աչքի առաջ վատ փորձերի օրինակներ ունեն, երբ չեն աշխատում տեղական ժողովրդավարության ինստիտուցիոնալ մեխանիզմները, երբ ավագանին, օրինակ, կայացնում է որոշումներ, որոնք չեն արտացոլում քաղաքացիների հնչեցրած կարծիքները, և որոշումներ է կայացնում՝ դեմ գնալով հանրությանը (ինչպես եղավ, օրինակ, անցյալ տարի Փամբակում՝ Քարաբերդի հանքավայրի հետ կապված)։

Այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ մարդիկ ստիպված են լինում կիրառել ուղիղ ժողովրդավարության մեխանիզմները և առհասարակ բոյկոտել լսումը։

Ուղիղ ժողովրդավարական մեխանիզմները սահմանադրական իրավունք են։

Ապրեն լերմոնտովցիները, և շնորհավոր Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»․ Օլեգ Դուլգարյան

facebook sharing button facebook