
Այսօր՝ հունիսի 5-ին, աշխարհում նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս ամսաթիվը միջազգային բնապահպանական օրացույցի առանցքային իրադարձություններից է, որը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ հաստատվել է դեռևս 1972 թվականին և այժմ նշվում է ավելի քան հարյուր երկրում։ Նույն տարում Ստոկհոլմի համաժողովի արդյունքում պետությունների ղեկավարները հիմնադրեցին նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP): Հայաստանում, արդեն ավանդաբար, 2004 թվականից սկսած այս օրը նշվում է նաև որպես Բնապահպանի օր:
Այս տարվա միջոցառումներն ու քարոզարշավներն ունեն հստակ ուղղվածություն և նվիրված են հողերի վերականգնմանը, անապատացման գործընթացների կանխմանն ու երաշտի դեմ դիմակայության բարձրացմանը՝ ընթանալով «Մեր մոլորակը մեր ապագան է. մենք վերականգնման սերունդն ենք» կարգախոսի ներքո։
Միջազգային հանրության համար այս տարին նաև հոբելյանական է, քանի որ լրանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման 30-ամյակը։ Օրվա շրջանակում գլխավոր միջոցառումները հյուրընկալող երկիրն այս անգամ Սաուդյան Արաբիան է, որի մայրաքաղաք Էր Ռիադում դեկտեմբերի 2-13-ը նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 16-րդ նստաշրջանը։

