
2026 թվականի մայիս ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ:
Դրանք են՝
Ø 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
Ø 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
Ø բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
Ø ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
Ø ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
Մասնավորապես՝
1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի
մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
5. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժին

